Ահաբեկչական պետություններ հանդիսացող ԱՄՆ-ը և սիոնիստական Իսրայելը երեկ սպանել են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին: Իրանը հաստատել է Ալի Լարիջանիի զոհվելը: Նրա մահվան մասին Telegram ալիքում հայտնել է Ալի Լարիջանիի գրասենյակը: Այսօր Թեհրանում Լարիջանիի հուղարկավորությունն էր:
Լարիջանիի սպանության մասին նախօրեին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար: Ալի Լարիջանին պրագմատիկ-պահպանողական քաղաքական գործիչ էր, նախկինում եղել է Իրանի խորհրդարանի նախագահը, նա միջուկային գործարքի շուրջ բանակցային խմբի անդամ էր: Այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո Լարիջանին դարձել էր Իրանի առանցքային դեմքերից մեկը:
Անկախ մեր հավատքի ու կրոնի տարբերությունից, Աստված մեկն է, և, ուրեմն, Աստված թող իր և Իրանի Իսլամական Հանրապետության նվիրյալ ծառայի հոգին լույսերի արժանացնի և հոգուն խաղաղություն պարգևի: Ցավակցությունս ահաբեկչական պետություններ, Սատանայի գործիքներ ԱՄՆ-ի և սիոնիստական Իսրայելի հարձակմանը դիմագրավող, գոյաբանական կենաց-մահու պայքար մղող Իրանի ժողովրդին:
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածի հետևանքով Լարիջանիի հետ մեկտեղ սպանվել են նաև նաև նրա որդին՝ Մորթազան, ինչպես նաև անվտանգության ծառայության պետ Ալիռեզա Բայաթը:
Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր հայտնել է նաև Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մահվան մասին, նա սպանվել է անցած գիշեր Թեհրանին իսրայելական ավիահարվածի հետևանքով: Իսրայելական կողմը հայտնել էր, որ Թեհրանում իսրայելական հարձակման ժամանակ սպանվել է նաև «Բասիջ» կամավորական ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին:
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհայտարարված պատերազմից ի վեր, զոհվել են Իրանի ղեկավարության բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանին գերագույն առաջնորդի սպանության կապակցությամբ՝ տեղի ունեցածը անվանելով «ցինիկ հանցագործություն»: Իրանի նոր առաջնորդ է դարձել զոհված այաթոլլա Մոջթաբ Խամենեիի որդին։ Թեհրանը հայտնել է, որ նա վիրավորվել է, սակայն այժմ լիովին առողջ է:
«Գործողությունները՝ նպատակաուղղված ինքնիշխան Իրանի, ինքնիշխան և անկախ Իրանի, ինչպես նաև այլ երկրների ղեկավարության ներկայացուցիչների առողջությանը վնաս պատճառելուն կամ առավել ևս սպանելուն և վերացնելուն: Մենք դատապարտում ենք նման գործողությունները»,- լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցի ընթացքում, «РИА Новости»-ի փոխանցմամբ , ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե քաղաքական ղեկավարության ոչնչացումն արդյոք ռազմական հանցագործությո՞ւն է, և արդյոք հենց այդ կե՞րպ է Ռուսաստանը մեկնաբանում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և իրանական ղեկավարության այլ ներկայացուցիչների սպանությունը:
Թեհրանը կատարվածը համարել է ահաբեկչություն ու հայտարարել է Իսրայելի դեմ հարձակումների նոր ալիքի մասին՝ որպես վրեժխնդրություն։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը ցավակցություն է հայտնել Լարիջանիի սպանության կապակցությամբ, նրա մահը համարել ծայրահեղ ցավալի իրադարձություն ու խոստացել է դաժանորեն վրեժխնդիր լինել Լարիջանիի սպանության պատասխանատուներից:
«Անշուշտ, դաժան վրեժ է սպասվում հանցագործ ահաբեկիչներին, որոնց ձեռքերին ահաբեկչական ագրեսիայի ընթացքում Իրանի սուրբ հողի ճնշված, բայց խիզախ ու տոկուն նահատակների արյունն է»,- «RT на русском»-ի փոխանցմամբ, հայտարարել է Պեզեշքիանը:
Իրանի «Tasnim» գործակալության տեղեկացմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նույնպես հայտարարել է Լարիջանիի սպանության համար արյունալի վրեժխնդրության մասին:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միանշանակ չի մոռանա մեծ նահատակի և սուրբ պաշտպանության այլ նահատակների համար արյունալի վրեժխնդրության մասին»,- «RT на русском»-ի փոխանցմամբ, նշված է հայտարարության մեջ:
«ԻՀՊԿ-ն հայտարարում է Իսրայելին հրթիռային հարվածների 61-րդ ալիքի մասին՝ որպես վրեժ Լարիջանիի նահատակության համար»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ, նշված է «Press TV»-ի հաղորդագրության մեջ։
Ըստ նույն հրապարակման, լույս չորեքշաբթի գիշերը հաղորդվել է Թել Ավիվում մի շարք պայթյունների մասին: Իսրայելի իշխանությունները հայտարարել են Իրանի կողմից հրթիռակոծության հետևանքով երկու մարդու մահվան մասին: Երկո՞ւ… Թել Ավիվի կենտրոնում, Իսրայելի «Kan» պետական հեռուստառադիոընկերության տվյալներով, լրջորեն վնասվել է երկաթուղային կայարանը։
Բացի վերոնշյալից, Իրանական բանակը, «РИА Новости»-ի փոխանցմամբ , հայտնել է Իսրայելի օդանավակայանին Լարիջանիի սպանության կապակցությամբ վրիժառության հարվածի մասին: Իսլամական Հանրապետությունը Լարիջանիի սպանությանն ի պատասխան, հարձակվել է Իսրայելի «Բեն Հուրիոն» օդանավակայանի վրա
«Այսօր առավոտից, որպես վրեժ «Դենա» ֆրեգատի խիզախ մարտիկների, Ալի Լարիջանիի և Ղոլամռեզա Սոլեյմանիի արյան համար, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գրոհների են ենթարկվել «Բեն Հուրիոն» օդանավակայանում սիոնիստական բանակի ռազմավարական լցավորիչների տեղակայման վայրերը»,-նշված է Իրանի «Fars» լրատվական գործակալության կողմից մեջբերված Իրանի բանակի հայտարարության մեջ:
Սակայն սա դեռ ամենը չէ, կարելի է նույնիսկ ասել՝ սկիզբն է… Ըստ ԻՀՊԿ-ի հավաստման, Թել Ավիվը և հարակից շրջանները ենթարկվել են հրթիռային հարձակման։ Իրանի «Tasnim» գործակալության հաղորդմամբ, որը փոխանցել է Life.ru -ն, հարվածի համար օգտագործվել են «Khorramshahr-4» («Խորեմշեհր‑4») և «Qadr» («Քադր») հրթիռներ՝ բաժանվող գլխամասով, ինչպես նաև «Emad» («Իմադ»)-ը և «Kheibar Shekan» («Հայբար‑Շքան»)-ը։ Զինվորականների պնդմամբ, խոցվել է ավելի քան 100 օբյեկտ։
Իրանի IRNA պետական լրատվական գործակալության հաղորդմամբ, հրթիռային հարվածները հիմնականում ուղղվել են Թել Ավիվին՝ «իսրայելական դաժան վարչակարգի չարագործությունների կենտրոնին»:
««Խորեմշեհր‑4» և «Քադր» հրթիռներն այդ գործողության ընթացքում գրավյալ տարածքների սրտում խոցել են ավելի քան 100 ռազմական և անվտանգության օբյեկտներ, առանց խոչընդոտների՝ իսրայելական վարչակարգի բազմաստիճան և գերժամանակակից ՀՕՊ համակարգի ոչնչացման շնորհիվ»,- «Аргументы и факты»-ի փոխանցմամբ, նշված է հրապարակման մեջ:
Նախնական տվյալներով՝ հիշյալ հարձակման արդյունքում Իրանը ոչնչացրել է իսրայելական վարչակարգի 230 զինծառայողի: Բացի այդ, ամբողջ Թել Ավիվը հոսանքազրկվել է։
Ի պատասխան Լարիջանիի սպանության, իրանական ուժերը մի շարք հարվածներ են հասցրել ոչ միայն Իսրայելի թիրախներին, այլև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմաբազաներին. այս մասին, «Press TV»-ի հաղորդմամբ, հայտնել է ԻՀՊԿ-ը: Հարվածներ է հասցվել թշնամու զգայուն և ռազմավարական օբյեկտներին նաև սուրբ ու բռնազավթված Ալ-Քուդս քաղաքում (Երուսաղեմում), բռնազավթված «Հայֆա» նավահանգստում, Բեեր Շևայում, որը ծառայում է որպես իսրայելական վարչակարգի տեխնոլոգիական կենտրոն, և Նեգև անապատում: Ամերիկյան ռազմաբազաներն ամբողջ տարածաշրջանում, այդ թվում ՝ Քաթարում, Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում, նույնպես ենթարկվել են զանգվածային հարվածների:
Հրթիռային հարձակման առումով սա լույս 18-ի գիշերը կատարվածն է, իսկ կատարվելիքը դեռ առջևում է կամ գուցե հենց այս ժամերին է տեղի ունենում, քանի որ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին, IRNA գործակալության հաղորդմամբ, ուղերձով դիմել է իրանցիներին և խոստացել ավելի դիտարժան դարձնել Իսրայելի երկինքը:
«Իրանի հողում իմ թանկագին զավակներ Ձեր ուղերձը ստացվել է: Այսօր երեկոյան թշնամու երկինքը ձեզ համար ավելի դիտարժան կլինի»,- «Аргументы и факты»-ի փոխանցմամբ , հայտարարել է Մուսավին։
Նշենք նաև, որ Իրանի հատուկ նշանակության ուժերը իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային ոչնչացնելու գործողություն են իրականացրել Իսրայելի տարածքի խորքում, այս մասին, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , հայտնել է «Fars» գործակալությունը։ Ըստ հրապարակման, խոսքը Իսրայելի անվտանգության ուժերի բարձրաստիճան աշխատակցի մասին է: ԻՀՊԿ-ի հետախուզությունը հաստատել է նշված տեղեկությունը։
«Ոչնչացման գործողությունը հաջողությամբ է իրականացվել»,- գրված է X սոցիալական ցանցում ԻՀՊԿ-ի հրապարակման մեջ:
Իրանցի զինվորականներն ընդգծել են, որ կշարունակեն պատասխան հարվածներ հասցնել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված թիրախներին: Նրանք անցած գիշեր հրթիռային հզոր հարված են հասցրել Թել Ավիվին, նաև, «РИА Новости»-ի փոխանցմամբ , սպառնացել են առաջիկա օրերին նոր զենք կիրառել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան:
«Առաջիկա օրերին մենք կօգտագործենք զենք, որը նախկինում չենք օգտագործել»,-հայտարարել է Աքրամինիան (նրա խոսքերը մեջբերել է SNN հեռուստաալիքը):
Արթուր Հովհաննիսյան
Իրանի հարվածների հետևանքները Իսրայելին. տեսանյութեր՝
Û Telegram / کانال اخبار سپاه پاسداران